ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009թ. հունիսի 6-ի թիվ 1 նիստի ԱՐՁԱՆԱՐՈՒԹՅՈՒՆ

08.07.2010

2009թ. հունիսի 6-ին Երևանի պետական համալսարանի` Աբովյան 52-Ա հասցեում գտնվող մասնաշենքի դահլիճում կայացավ Հանրային Խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նիստը` հետևյալ

Օրակարգով.
1. ՀԽ ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահի հաղորդումը ՀԽ անդամների համալրման, ՀԽ-ում տեղի ունեցող աշխատանքային գործընթացների և ՀԽ-ի հունիսի 2-ի առաջին լիագումար նիստի մասին
2. Հայաստանի Հանրապետությունում համաներում անցկացնելու հարցի քննարկում
3. ՀԽ ՔՀԿՀ հանձնաժողովի կառուցվածքային օղակների ձևավորման հարցը:

Նիստին մասնակցում էին ՔՀԿՀ հանձնաժողովի 67 անդամներ:

Բացման խոսքով և օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթով հադես եկավ ՀԽ ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հ.Հովհաննիսյանի նշեց, որ ՀԽ կանոնադրությամբ սահմանված արարողակարգերի համաձայն ամբողջացվել և ՀՀ Նխագահի կողմից հաստատվել է ՀԽ 36 հոգուց բաղկացած կազմը: Այդ կապակցությամբ Հ. Հովհաննիսյանը շնորհավորեց ՔՀԿՀ հանձնաժողովի անդամներին և նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀԽ 36 անդամների ցուցակը: Նշեց նաև, որ սկսվել են ՀԽ և նրա հանձնաժողովների աշխատանքային կանոնակրգերի մշակման և հանձնաժողովների կառուցվածքային օղակների վերաբերյալ նախագծերի ձևավորման գործընթացները:
ՔՀԿՀՀ նախագահը տեղեկացրեց նաև, որ 2009թ. հունիսի 2-ն տեղի է ունեցել ՀԽ անդրանիկ լիագումար նիստը, որտեղ կազմակերպչական և ընթացիկ հարցերից բացի քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետությունում համաներում իրականացնելու հարցը: Նիստի մասնակիցներին ներկայացվեց ՀԽ-ի որոշումը` ՀԽ հանձնաժողովներում համաներման հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու և ՀԽ 2009թ հունիսի 9-ի նիստին համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելու մասին: (ՀԽ որոշման տեքստն ընթերցվեց ամբողջությամբ):
Մինչ օրակարգի երկրորդ հարցին անցնելը, նիստի մասնակիցներին առաջարկվեց լրացնել հարցաթերթիկ, որտեղ առաջարկվում էր արձանագրել և հիմնավորել սեփական դիրքորոշումը ՀՀ-ում համաներում անկացնել-չանցկացնելու վերաբերյալ և նշել, թե ՔՀԿՀ հանձնաժողովի իրավասությանը վերապահված որ հիմանահարցերի ոլորտում (ապագա ենթահանձնաժողովների կազմում) են ցանկանում տեսնել իրենց հետագա գործունեությունը հարցման մասնակիցները:

Երկրորդ հարցի վերաբերյալ մտքերի փոխանակություն առաջարկելով, ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հ. Հովհաննիսյանն ընդգծեց ենթահարցերի այն շրջանակը, որոնք կարևոր են հարցի վերլուծության համար. ա)հասարակական, քաղաքական, տնտեսական ներկա պայմաններում անհրաժե՞շտ է արդյոք համաներման անցկացումը ՀՀ-ում, բ) հասարակական ո՞ր խմբերի և խավերի վրա պետք է տարածվի համաներումը և որո՞նց վրա չտարածվի, գ) որքանո՞վ կարող է համաներման հայտարարումն առնչվել 2008թ մարտիմեկյան դեպքերին:
ՀՀ-ում համաներում անցկացնելու հարցի վերաբերյալ մտքերի փոխանակությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան ՔՀԿՀ հանձնաժողովի անդամներ Գեղեցիկ Գրիգորյանը, Ահարոն Ադիբեկյանը, Կարեն Դանիելյանը, Միհրան Ավետիսյանը, Գեղամ Գալստյանը, Սամվել Քոչարյանը, Էդգար Հակոբյանը, Ատոմ Վարդումյանը, Զավեն Սարգսյանը, Սամվել Մկրտչյանը, Բարբարա Մուրադյանը, Վիկտոր Սոլախյանը:
Ստորև ներկայացվում են ելույթներում հնչած մտքերն ամփոփ ձևով:
Գեղեցիկ Գրիգորյան (իրավաբ. գիտ. թեկն., դոցենտ, Հայկական բաց համալսարանի իրվաբանական ֆակուլտետի դեկան) - Համաներման անհրաժեշտության հարցն այլևս պետք չէ քննարկել, քանի որ դա անցած փուլ է, և դրա անհրաժեշտությունն ակնհայտ է: Համաներումը` որպես հումանիստական վերաբերմունքի դրսևորում ՀՀ-ում արդեն ունի իր նախադրյալները: Այն հանդիսանում է պատժի քաղաքականության մեղմացման դրսևորում:
Համեմատելով ՀԽ-ն ԱԺ-ի հետ` որպես ներկայացուցչական մարմիններ, նշեց, որ ՀԽ-ն ևս պետք է արտահայտի ժողովրդի շահերը, ինչի դրսևորումներից մեկն էլ հանդիսանում է համաներման իրականացմանն աջակցելը: Բացի այդ, ելույթ ունեցողը նշեց, որ համաներումը հավասարապես պետք է տարածվի թե դատապարտյալների, թե ամբաստանյալների ու մեղադրյալների և թե հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ:
Ահարոն Ադիբեկյան (“Հուշամատյան” իրավապաշտպան, պատմալուսավորչական և բարեգործական ընկերություն) – Համաներումը չպետք է լինի հասցեական: Ընդ որում, եթե համաներումը տարածվի նաև հանցագործություն կատարած քաղաքական գործիչների, մասնավորապես մարտիմեկյան անկարգությունների մասնակիցների և դրանց կազմակերպիչների վրա, ապա համաներումից հետո հինգ տարվա ընթացքում նրանց պետք է արգելվի զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Նրան հակադրվեց ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հ. Հովհաննիսյանը` նշելով, որ դա կհանդիսանա մարդու քաղաքական իրավունքների ու ազատությունների սահմանափակում, ինչը քաղաքացիական հասարակության կայացման և ՀՀ գործող օրենսդրության համատեքստում իրավաչափ լինել չի կարող:
Ելույթ ունեցող Ա. Ադիբեկյանը, անդրադառնալով օրակարգում դրված մեկ այլ` ՔՀԿՀ հանձնաժողովի կազմում ենթահանձնաժողովների ձևավորման հարցին, առաջարկեց ծավալել այնպիսի գործունեություն, որպեսզի ապահովվի “հասարակություն - ՀԽ – պետական կառույցներ” հետադարձ անխզելի կապը, մասնավորապես` հասարակական կարծիքին ուսումնասիրմանն ուղղված ծրագրերի իրականացման ձևով:
Կարեն Դանիելյան (“Այաս” ծովային հետազոտությունների ակումբ) - Համաներման հարցի կոմպետենտ օղակները ոչ թե ՀԽ-ն կամ նրա ստորաբաժանումներն են, այլ համապատասխան պետական կառույցները (օրինակ` դատախազության մարմինները): Այն փաստը, որ հասարակության ոչ բոլոր անդամներն են ընդունելի համարում համաներումը, էլ ավելի է կարևորում այդ հարցի ուսումնասիրման և քննարկման անհրաժեշտությունը:
Ըստ Կ. Դանիելյանի` հասարակությունը հասունացած չէ համաներման գաղափարի համար: Ներկայումս ՀՀ-ի համար համաներումը կարող է խաղալ դեստրուկտիվ դեր: Այնուամենայնիվ, ի հեճուկս մեր հասարակությունում առկա մի շարք թերությունների` Կ. Դանիելյանը համաներման գաղափարին կողմ է արտահայտվեց` գտնելով, որ համաներումն անհրաժեշտ ինստիտուտ է, ուղղակի ՀՀ-ում կարող է անցկացվել միայն համապատասխան թերությունների և խոչընդոտների վերացումից հետո և որոշակի վերապահումներով:
Տիգրան Հովհաննիսյան (Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա) - Կողմ է համաներման գաղափարին: Համաներումն անմիջականորեն պետք է կապել մարտիմեկյան իրադարձությունների հետ: Ըստ ելույթ ունեցողի` համաներման շնորհիվ հիմք կստեղծվի քաղաքական երկխոսության համար: Սակայն համաներումը չպիտի տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական հողի վրա սպանությունների պատճառ են հանդիսացել:
Գեղամ Գալստյանը (Հայրենական ապրանքաարտադրողների միություն) - Կողմ է “համաներում” ինստիտուտին ընդհանրապես, քանի որ այն արդարացված է մարդասիրության տեսանկյունից: Մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում, ըստ ելույթ ունեցողի, համաներմանը պետք է վերաբերվել վերապահումներով: Օրինակ, համաներումը չպետք է տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ (չեն ենթարկվել դատավորի կարգադրություններին և գործի ողջ քննության ընթացքում հոտնկայս են մասնակցել դատավարությանը) կամ ովքեր արհամարհել են անգամ երկրի կրոնական առաջնորդին` կաթողիկոսին: Եթե նման անձանց նկատմամբ, ընտրակեղծիքներ կատարողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք դրսևորվի, դա միայն կհանգեցնի հանցագործությունների թվի աճին:
Սամվել Քոչարյանը (“Կարծիք հայության” ժողովրդական աջակցության հ/կ) - Համաներումը ներկայումս անհրաժեշտ և պարտադիր է ՀՀ-ի համար: Լինելով քրիստոնյաներ` պետք է կարողանանք ներել: Հակադրվելով նախորդ ելույթ ունեցող Գեղամ ալստյանին` պնդեց, որ համաներում պետք է իրականացնել առանց վերոհշյալ վերապահումների:
Էդգար Հակոբյան (“Ազատ հասարակության ինստիտուտ”) - Մարտիմեկյան իրադարձությունները չպետք է արծարծվեն ու մանրամասնվեն համաներման հիմնադրույթներում: Հանցագործությունների անկյունաքարը ոչ թե մարտիմեկյան իրադարձություններն են, այլ` պետության դեմ ոտնձգություն և հանցավոր արաք ցուցաբերելը: Ուստի, համաներման “անձնավորում” կատարելն անիմաստ է: Համաներումը չպետք է տարածվի կրկնահանցագործների և առանձնապես վտանգավոր հանցագործություններ կատարած անձանց վրա:
Ատոմ Վարդումյան (փիլ. գիտ. թեկնածու, ԵՊՀ դոցենտ, “Կովկաս” հասարակակագիտական հետազոտությունների կենտրոն հ/կ) - Համաներումը չպիտի տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր դեռևս դատապարտյալի կարգավիճակ չունեն (կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ), քանի որ դա կհանդիսանա անմեղության կանխավարկածի խախտում: Անհրաժեշտ է հսատակեցնել համաներման իրականացման սկզբունքները և նորմատիվ- իրավական մեխանիզմները ՀՀ-ում:
Ելույթ ունեցողը հակադրվեց նախկինում հանդես եկած Ա. Ադիբեկյանին, գտնելով, որ անձանց, ում վրա տարածվել է համաներումը, քաղաքական գործունեությամբ զբաղվելը որոշակի ժամանակով արգելելը կհանդիսանա խտրականության դրսևորում և թե իր, թե ներկա գտնվող շատերի համար ընդունելի չէ:
Զվեն Սարգսյան (“Երևան և երևանցիներ” համահայկական հայրենակցական հ/կ) - Կողմ եմ համաներման գաղափարին: Պետք է նկատել, սակայն, որ դրա անցկացման ճանապարհին բազում խոչընդոտներ կան: Բացակայում են վիճակագրական տվյալներն այն մասին, թե արդյոք համաներման ենթարկված անձանց որ մասն է նորից հանցագործություն կատարել, հետևաբար` հնարավոր չէ պարզել համաներման արդյունավետության աստիճանը: Համաներումը մարտիմեկյան իրադարձությունների հետ կապելը սխալ է:
Սենիկ Էվոյան (“Խաղաղության երկխոսություն” հ/կ) – Համաներման հարցը երկար քննարկելու և դրա օգտին փաստարկելու կարիք չկա: Համաներման անհրաժեշտությունն առկա է: Իսկ խմբերը որոշելը, որոնց վրա պետք է տարածվի համաներումը, պետք է վստահել փորձագետ իրավաբաններին:
Դեմ արտահայտվեց օրինազանց գործիչների քաղաքական գործունեությունը ժամանակավորապես արգելելու մտքին:
Սամվել Մկրտչյան (“Համայնք և իրավունք” հ/կ) - Մենք Աստված կամ դատավոր չենք, որպեսզի գործ ունենանք մարդու իրավունքների սահմանափակումների հետ: Պետք չէ այնպիսի վերապահումներ անել, ինչպիսիք առաջարկեց Ա. Ադիբեկյանը: Համաներումը ներկայումս իսկապես անհրաժեշտ է ՀՀ-ում, հետևաբար այն անպայմանորեն պետք է կիրառվի: ՔՀԿՀ հանձնաժողովի պետք է իր դրական միջնորդությունը ներկայացնի այդ կապակցությամբ: Իսկ մանրամասնությունները, թե որ հանցագործությունների և որ խավերի վրա այն պետք է տարածել, իսկ որոնց` ոչ, պետք է ճշգրտել երկրորդ մոտեցմամբ:
Բարբարա Մուրադյան (“Ավիաինֆոտել” ՓԲԸ) - Հարցը միայն համաներմանը չի վերաբերում: Առավել կարևոր հարց է, թե համաներման ենթարկված անձինք, ովքեր պատիժը կրելուց ազատ են արձակվել, ինչով պետք է զբաղվեն տնտեսական ճգնաժամի և գործազրկության փուլ թևակոխած ՀՀ-ում. միգուցե ստիպված նորից բռնեն հանցագործության ուղին: Այդ դեպքում որքանո՞վ է համաներումն արդարացված ներկայիս պայմաներում:
Սոլախյան Վիկտորը (“Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն”) - իր ելույթում նշեց, որ համաներման հարցը ՀՀ-ում դեռևս արդարացված չէ, քանի որ այն “վերևից է իջեցվել մեզ վրա”, Մինչդեռ դա պետք է ծագեր ամենաստորին ատյաններից` ելնելով հասարակական պահանջմունքներից, և աստիճանաբար բարձրաձայնվելով` հասներ երկրի նախագահին: Իսկ եթե հայտարարվի համաներում, ապա դրա կապը 2008թ մարտի մեկի դեպքերի հետ պետք է ընդգծվի:
Մինչ հարցի քննարկումն ամփոփելը, ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հ. Հովհաննիսյանը հրապարակեց նիստի մասնակիցների շրջանում անցկացված “պիլոտային” հարցման արդյունքները: Հարցաթերթը լրացնող 63 մասնակիցների 84.1%-ը համաներման անցկացումը ՀՀ-ում համարում է անհրաժեշտ (60,3%) կամ` հիմնականում անհրաժեշտ (23.8%): Համաներման անցկացումը ՀՀ-ում սխալ (9,5%) կամ թերևս ոչ անհրաժեշտ(6,3%) է համարել 15,9%-ը:
Այնուհանդերձ, քննարկումների արդյունքում նկատվեց համաներման հարցի կապակցությամբ նիստի մասնակիցների տրամադրությունների որոշ փոփոխություն:
Բաց քվեարկության արդյունքում ՔՀԿՀ հանձնաժողովը ձայների 60 կողմ, 2 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ
ո ր ո շ ե ց .

1. Առաջարկել Հանրային Խորհրդին համաներում հայտարարելու նպատակով դիմել ՀՀ Նախագահին

2. Նպատակահարմար համարել համաներումը հետևյալ խմբերի և խավերի վրա տարածելը.
ա) սոցիալապես անապահով խավեր (հաշմանդամներ, 60 տարին լրացած անձինք, իրենց խնամքի տակ անչափահասներ և ընտանիքի անաշխատունակ անդամներ ունեցող անձինք)
բ) ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նպատակով իրականացված մարտական գործողությունների մասնակիցներ
գ) Հայրենիքի առջև նշանակալից ծառայություններ ունեցող անձինք
դ) նախկինում դիտավորյալ և առանձնապես վտանգավոր հանցագործություններ չկատարած անձինք
ե) ոչ ծանր հանցագործությունների համար (մինչև 3 տարի ազատազրկում նախատեսող հոդվածներով) դատապարտվածներ

3.Առաջարկել համաներումը չտարածել.
ա) նախկինում համաներման արժանացած, սակայն հետագայում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարած անձանց
բ) առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց
գ) հանրապետական, տարածքային և տեղական նշանակության ընտրական գործընթացներին վերաբերող հանցագործություններ (ընտրակեղծիքներ) կատարած անձանց
դ) լրագրողի դեմ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտող բռնարարքներ կամ այլ հանցագործություններ կատարած անձանց վրա:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանես եկավ ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանը: Առաջարկվեց ՔՀԿՀ հանձնաժողովում ունենալ հինգ ենթահանձնաժողովներ. հասարակական-քաղաքական կազմակերպությունների (կուսակցությունների); ոչ կառավարական կազմակերպությունների (հ/կ-ներ, շահառու խմբեր, շարժումներ); զանգվածային լրատվամիջոցների հիմնահարցերի; մարդու իրավունքների պաշտպանության հարցերի; հանրային կարծիքի և քաղաքացիական հասարակության քարոզչական ծրագրերի:

Առաջարկության վերաբերյալ մտքերի փոխանակությանը մասնակցեցին Ահարոն Ադիբեկյանը, Գեղեցիկ Գրիգորյանը, Գևորգ Մանուկյանը:

Հանձնաժողովն, ընդհանուր առմամբ հավանություն տալով հինգ ենթահանձնաժողովներ ունենալու առջարկությունը,
ո ր ո շ ե ց.
4. Առաջարկել ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահին իր կողմից ձևավորված աշխատանքային խմբի հետ մշակել և տասնօրյա ժամկետում հանձնաժողովի և Հանրային Խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ ՀԽ և ՔՀԿՀ հանձնածողովի աշխատանքային կանոնակարգի վերաբերյալ:
Սպառելով օրակարգը, Հանրային խոհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովն ավարտեց 2008թ. հունիսի 6-ի թիվ 1 նիստի աշխատանքները:

Նիստի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան

← Վերադառնալ ցուցակին