ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010թ. հունիսի25-ի թիվ 3 նիստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

08.07.2010

2010թ. հունիսի 25-ին Երևանի պետական համալսարանի` Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքի դահլիճում կայացավ Հանրային Խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նիստը` հետևյալ

Օրակարգով.

1. Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հաշվետվությունը անցած մեկ տարում հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին

2. Առաջիկա մեկ տարում հանձնաժողովի և ենթահանձնաժողովների կողմից կատարվելիք աշխատանքների մասին

3. Այլ հարցեր:

Նիստին մասնակցում էին ՔՀԿՀ հանձնաժողովի 60 անդամներ:
Նիստին հրավիրված էին և մասնակցում էին նաև Հանրային խորհրդի անդամներ` Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ Աիդա Ղազարյանը և Ջինա Սարգիզովան, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Մարինե Մալխասյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշպանի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:

Բացման խոսքով և օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀԽ ՔՀԿՀ հանձնաժաղովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հ.Հովհաննիսյանը շնորհավորեց հանձնաժողովի անդամներին Հխ և ՔՀԿՀՀ գործունեության մեկ տարվա առիթով: Նշեց նաև, որ հանձնաժողովի անդամների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 18-ով և դարձել 152:
Հիշեցվեց ՀԽ հանձնաժողովի ժամանակավոր կանոնակարգի այն դրույթը, որի համաձայն, եթե հանձնաժողովի անդամը բացակայում է անընդմեջ երկու նիստերից, ապա նա չի դադարում հանձնաժողովի անդամ լինելուց, սակայն հանձնաժողովի երրորդ նիստին նրա չներկայանալու դեպքում վերը նշված անդամի բացակայությունը չի հաշվարկվում քվորումի մեջ: Գրանցման տվյալներով այդպիսիք 29-ն են: Ուստի, ապահովված է անհրաժեշտ քվորում նիստի աշխատանքները սկսելու համար:
Ներկայացնելով հաշվետու տարվա ընթացքում հանձնաժողովում իրականացված աշխատանքները` Հ.Հովհաննիսյանը նշեց, որ ՔՀԿՀ հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի նախագահը ակտիվ ու անմիջական մասնակցություն են ունեցել ՀԽ ժամանակավոր կանոնակարգի և ՀԽ հանձնաժողովի տիպային ժամանակավոր կանոնակարգի մշակման աշխատանքներին: Գործունեության առաջին ամսվա ընթացքում ձևավորվել են ՔՀԿՀՀ հինգ ենթահանձնաժողովները և տասնմեկ անդամներ ունեցող կոլեգիան:
Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանդես գալով համաներում իրականացնելու օգտին` Հանրային խորհրդի հաստատմանն է ներկայացրել սոցիալական այն խմբերի ու խավերի ցանկը և այն հանցատեսակների ընդհանուր բնութագիրը, որոնք նպատակահարմար է գտել ներառել համաներման գուրածութային դաշտում կամ էլ` դուրս թողնել դրա գործառութային տիրույթից: Թեև հանձնաժողովի առաջարկությունները` համաներումը չտարածել ընտրակեղծիքներ և լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող հանցանքներ կատարած անձանց վրա, տեղ չգտան համաներման ակտի վերջնական տեքստում, այնուհանդերձ, դրական գնահատվեցին լրագրողների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ինստիտուտների կողմից:
Հանձնաժողովում կազմակերպվել են քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ հավանություն տալով ՀՀ իշխանությունների վերջին տարիների նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը` հանձնաժողովը ներկայացրել է նաև մտահոգություններ` կապված Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. օգոստոսի 1-ին նախաստորագրված արձանագրությունների տեքստերում տեղ գտած որոշ ձևակերպումների, դրանց հնարավոր մեկնաբանությունների, հայերի դեմ իրականացրրած ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հնարավոր դանդաղեցման վերաբերյալ:
Հ.Հովհաննիսյանը ՔՀԿՀ հանձնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը համարեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փորձագիտական վերլուծության անցկացումը, եզրակացության ու առաջարկությունների փաթեթի ներկայացումը ՀՀ ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը:
ՔՀԿՀ հանձնաժողովի կարևոր ձեռքբերումներից համարվեց նաև ՀՀ հեռուստահեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի մշակումն ու դրա ստորագրման գործընթացին աջակցելը:
Հ.Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովի անդամներից շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին նվիրված տեղական և միջազգային գիտաժողովներին, խորհրդակցություններին, անցկացրել պարապմունքներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, քաղծառայողների վերապատրաստման դասընթացների շրջանակներում:
Անդրադառնալով քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացվող նամակներին ու դիմումներին Հ.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դրանց մի զգալի մասը համապատասխան միջնորդագրերով հասցեագրվել է իրավասու մարմիններին և ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը: Այս գործում, սակայն կան որոշակի բացթողումներ կապված դիմումների պատասխաններն ուշացնելու հետ:
Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներում տեղ գտած թերություններին` ՔՀԿՀՀ նախախագահը նշեց, որ դեռևս թույլ է ենթահանձնաժողովների մակարդակում իրականացվող աշխատանքների ինտենսիվությունն ու նախաձեռնողականությունը, բավարար չափով չեն օգտագործում ՀԽ պաշտոնական կայք-էջի հնարավորությունները, թույլ է կապը ՀՀ կառավարության օղակների, ԱԺ հանձնաժողովների, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ: /Հաշվետվության ամբողջական տեքստը կցվում է/:
ՔՀԿՀՀ նախախագահի ելույթի շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան հանձնաժողովի անդամներ Էդգար Հակոբյանը, Սենիկ Էվինյանը, Վաչագան Հակոբյանը, Հրաչ Աթաբեկյանը, Գեղեցիկ Գրիգորյանը, Աշոտ Մկրտչյանը, Գևորգ Մանուկյանը, ՀԽ անդամներ Գրիգոր Բադիրյանը, Վազգեն Սաֆարյանը, Աժ հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:

Ստորև ներկայացվում են ելույթներում հնչած մտքերն` ամփոփ ձևով:
Էդգար Հակոբյան (“Ազատ հասարակության ինստիտուտ”, ՔՀԿՀՀ ոչ կառավարական կազմակերպությունների ենթահանձնաժողովի նախագահ) - Ես բարձր եմ գնահատում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները և հատկապես կարևորում եմ “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի փորձագիտական վերլուծությունն ու եզրակացությունների փաթեթի ներկայացումը իշխանություններին: Չպետք է մոռանալ, որ ՀԽ տասներկու հանձնաժողովները նրա կարևոր սյուներն են, որտեղ ներկայացված են մոտ երկու հազար ոչ կառավարական կազմակերպություններ: Նրանց շահերն ու խնդիրները մեր հանձնաժողովի համար ունեն առանցքային նշանակություն, ուստի այսուհետ ևս հանձնաժողովը պետք է հետևողական լինի ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտը կարգավորող բարենպաստ իրավական դաշտի ձևավորման հարցերում:
Սենիկ Էվինյան (“Խաղաղության երկխոսություն” հ/կ) - Ինքս էլ դրական եմ գնահատում հանձնաժողովի մեկամյա գործունեությունը և մեզ ներկայացված հաշվետու փաստաթղթերի թղթապանակի բովանդակությունը: Սակայն ցանկանում եմ ավելի շատ խոսել անելիքների մասին: ՀԽ գործունեության մասին քիչ են տեղեկացված հանրապետության մարզերում: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվացման անհրաժեշտություն կա նաև ՀՀ մարզերում ու քաղաքներում: Այդ գործում էական դեր կարող է ունենալ ՀՀ մարզերում մարզեպատարաններին կից ՀԽ համանմանությամբ կառույցների ձևավորումը: Առաջարկում եմ հանձնաժողովին հարց բարձրացնել ՀԽ առջև այդպիսի գործընթաց սկսելու վերաբերյալ:
Գրիգոր Բադիրյան (Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ) – ՔՀԿՀ և ՊԻՀ հանձնաժողովները մեկ տարվա ընթացքում հասցրել են ձևավորել քաղաքացիների իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության ձևավորման իրավական-նորմատիվ խնդիրների շուրջ համագործակցության դաշտում: Ուզում եմ նկատել, որ Ձեր հանձնաժողովը, ի դեմս իր ղեկավարի, կատարել է ճիշտ ընտրություն: Վստահ եմ, որ մեր հանձնաժողովների համագործակցությունը դեռ կտա դրական արդյունքներ, ինչպես, օրինակ, “ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի” մշակումն էր ու ստորագրման գործընթացին աջակցելը:
Վաչագան Հակոբյան (“Սեփականության իրավունքի պաշտպանություն” հ/կ) – Մեր կյանքի բոլոր ոլորտներում և ամեն օր խախտվում են մարդու իրավունքները: Դեռևս լուծված չեն պետական կարիքների համար իրենց բնակարաններից զրկված և համարժեք փոխհատուցում չստացած քաղաքացիների խնդիրները: Լավ կլիներ, որ մեր հանձնաժողովը, ինչպես նաև ԱԺ համապատասխան կառույցը իրավապահ և միջազգային կազմակերպությունների հետ միասին ձեռնամուխ լինեն այս խնդիրների հետազոտմանն ու լուծմանն աջակցելուն:
Հրաչ Աթաբեկյան (“Հասան-Ջալալյաններ” երկրի զարգացման մշակութային բարեգործական հիմնադրամ) – Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրները դժվար են ընթանում, որովհետև մենք չունենք ակտիվ կենսադիրքորոշում, անհրաժեշտ իրավական և բարոյական գիտակցություն և մասնակցային հմտություններ ունեցող քաղաքացի: Կարևոր է, որ իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը մեկնարկեն ՀՀ քաղաքացիների գիտակցության մեջ փոփոխություններ կատարելու գաղափարից: Կցանկանայի նաև, որ մեր հանձնաժողովի նիստերը գումարվեին ավելի հաճախակի:
Գեղեցիկ Գրիգորյան (“Հայկական բաց համալսարան”, ՔՀԿՀՀ մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի ենթահանձնաժողովի նախագահ) – Մեր հանձնաժողովը բոլորել է իր գործունեության մեկ տարին: Թույլ տվեք կրկին շնորհավորել այդ կապակցությամբ: Մեկ տարում կատարվել են բավական աշխատանքներ, որոնց մասին ասվեց հանձնաժողովի նախագահի հաշվետու ելույթում: Իրոք, կան դժվարություններ քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների հետազոտման և նրանց արձագանքելու կապակցությամբ: Այդ հարցում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ենթահանձնաժողովին օգնում են նաև Հայկական բաց համալսարանում գործող իրավաբանական կլինիկայի մասնագետները: Վստահ եմ, որ մեր ենթահանձնաժողովի, ինչպես նաև իշխանության կառույցների ու քաղաքացիական հասարակության կայացման խնդիրներով շահագրգռված կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումն ու խորացումը կտա դրական արդյունքներ:
Արմեն Գաբրիելյան (“Կանթեղ մանկապատանեկան հ/կ”) –“Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` արդարադատության նախագիծը պարունակում է խիստ անընդունելի դրույթներ: Այդ առումով տեղին են ՔՀԿՀ հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները: Բայց չի կարելի դրանով բավարարվել: Պետք է հոգ տանել նաև ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների հիմնախնդիրների մասին և նրանց հարցերով զբաղվող հասարակական խորհուրդներում ունենալ ՔՀԿՀ հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Աշոտ Մկրտչյան (ՔՀԿՀՀ անդամ) – Քաղաքացիական հասարակությունը չի կարող կայանալ համատարած կաշառակերության և կոռուպցիայի պայմաններում: Անհրաժեշտ է պայքարի մեթոդներ մշակել կոռուպցիայի, կաշառակերության, բյուրոկրատական քաշքշուկի դեմ պայքարելու համար:
Արամ Սաֆարյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) – Իմ հրավերը և այսօրվա ելույթը ընդունեք որպես համագործակցության սկիզբ: Սեպտեմբերին Ազգային ժողովում կազմակերպվելու են լսումներ “Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքում փոփոխություններ կատարելու հարցի շուրջ: Հրավիրում ենք ձեր ներկայացուցիչներին ևս մասնակցելու այդ քննարկումներին: Հասարակական կազմակերպությունների դաշտում իրոք կան մտահոգություններ` կապված այդ օրենքում կատարվելիք փոփոխությունների հետ: Հասարակական կազմակերպության գործունեությունը պետք է թափանցիկ լինի ինչպես իր անդամների, այնպես էլ պետական կառույցների համար: Միաժամանակ նրան ներկայացվող իրավական պահանջները պետք է լինեն հիմնավորված ու արդարացված և ավելորդ բեռ չդառնան կազմակերպության համար: Կարծում եմ, համակողմանի և շահագրգիռ քննարկումների ընթացքում կգտնվեն խնդրի խելամիտ լուծումներ:
Վազգեն Սաֆարյան (Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ) – Ողջունում եմ ՔՀԿՀ հանձնաժողովի լիագումար նիստի մասնակիցներին: ՔՀԿՀ հանձնաժողովը ՀԽ ակտիվ գործող օղակներից մեկն է: Հ.Հովհաննիսյանը աչքի է ընկնում ՀԽ շրջանակներում իրականացվող աշխատանքներին ու միջոցառումներին իր ակտիվ ու բանիմաց մասնակցությամբ: Լինելով քաղաքացիական հասարակության խնդիրների ոլորտի իրազեկ մասնագետ` նա կարողանում է ժամանակին և հիմնավոր կերպով Հանրային խորհրդին առաջարկել հասունացած խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները: Այնուհանդերձ, կան նաև մեր հասարակության առջև ծառացած բազում խնդիրներ, որտեղ մենք ունենք լուրջ անելիքներ: Տնտեսական ճգնաժամից դուրս գալու նպատակով իրականացվում են տարբեր միջոցառումներ, տնտեսական բարեփոխումներ, սակայն չկան հասարակական կարծիքի հիմնարար ուսումնասիրություններ, թե որքանով է հանրությունը հավանություն տալիս այդ քայլերին ու քաղաքականությանը: Ցանկալի կլիներ, որ ՔՀԿՀ հանձնաժողովը նախաձեռնող լիներ նաև այդպիսի հարցերի հետազոտման գործում:
Ռուստամ Մախմուդյան (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ) – Կարևոր եմ համարում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ ձեր հանձնաժողովի և դրանում ընդգրկված` մարդու իրավունքների պաշտպանության հարցերին հետամուտ հասարակական կազմակերպությունների համագործակցության ավանդույթների ձևավորումը: Կոչ եմ անում հանձնաժողովի նիստերի և լսումների ընթացքում քննարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցները և արձագանքել դրանց:
Գևորգ Մանուկյան (Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն հ/կ) – Ամփոփելով Հանրային խորհրդի մեկ տարում կատարված աշխատանքները` կարելի է արձանագրել, որ Հանրային խորհուրդը կայացավ: Իսկ մեր հանձնաժողովը աչքի ընկավ ոչ կառավարական կազմակերպություների ոլորտը կարգավորող իրավական դաշտի, զանգվածային լրտվության ոլորտի ինքնակարգավորման մեխանիզմների վերաբերյալ իր առաջարկություններով ու նախաձեռնություններով: Ներկայումս մշակվում է ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը, ցավոք, սակայն` առանց քաղաքացիական հասարակության ինստիտուտների լայն մասնակցության: Առաջարկում եմ ծանոթանալ և ակտիվ մասնակցություն ունենալ այդ ծրագրի մշակմանը և պաշտպանում եմ իմ գործընկերների գաղափարը ՀՀ մարզերում ևս ՀԽ համանմանությամբ կառույցներ ձևավորելու մասին: Առաջարկում եմ ՔՀԿՀ հանձնաժողովի մեկ տարում կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Ամփոփելով առաջին հարցի վերաբերյալ տեսակետներն ու ելույթները ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հ.Հովհաննիսյանը քվեարկության դրեց Գ.Մանուկյանի առաջրկությունը հանձնաժողովի աշխատանքները բավարար գնահատելու վերաբերյալ: Քվեարկության արդյունքներով ձայների 59-կողմ, 1-ձեռնպահ, 0-դեմ հարաբերակցությամբ հանձնաժողովը ո ր ո շ ե ց.
ՔՀԿՀ հանձնաժողովի և հանձնաժողովի նախագահի մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները համարել բավարար:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որին մասնակցեցին Սենիկ Էվինյանը, Էդգար Հակոբյանը, Գեղեցիկ Գրիգորյանը:
Ամփոփելով քննարկման արդյունքները հանձնաժողովի նախագահը նիստի մասնակիցներին ներկայացրեց որոշման նախագիծ, որը խմբագրական փոփոխություններից հետո դրվեց քվերակության: Բաց քվերակության արդյունքում ՔՀԿՀ հանձնաժողովը ձայների 59-կողմ, 1-ձեռնպահ, 0-դեմ հարաբերակցությամբ հանձնաժողովը ո ր ո շ ե ց.

1. ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի և հանձնաժողովի նախագահի` մեկ տարվա ընթացքում կատաված աշխատանքները համարել բավարար:
2. Հանձնարարել ենթահանձնաժողովների նախագահներին կազմակերպել աշխատանքային քննարկումներ և մեկամսյա ժամկետում հանձնաժողովի կոլեգիային նեկայացնել առաջարկություններ առաջիկա մեկ տարում հանձնաժողովի գործունեության ծրագրի վերաբերյալ:
3. Հանձնարարել կոլեգիային և հանձնաժողովի նախագահին միջոցներ ձեռնարկել
Ա) ՀԽ պաշտոնական կայքում ՔՀԿՀ հանձնաժողովում կատարված աշխատանքների, նիստերի, աշխատանքային քննարկումների մասին բավարար տեղեկատվություն ապահովելու,
Բ) Քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների դիմումները ողջամիտ ժամկետներում քննարկելու և դրանց ընթացք տալու,
Գ) ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների հետ կապերի և համագործակցության զարգացման,
Դ) ՀՀ մարզերում Հանրային խորհրդի ենթակառուցվածքներ կամ դրա համանմանությամբ կառույցներ ձևավորելու գործընթաց սկսելու մասին Հանրային խորհրդին առաջարկություն ներկայացնելու,
Ե) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակմանը ՔՀԿՀ հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը ապահովելու առումներով:

Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն հանձնաժողովի շրջանակներում իրականացված աշխատանքների առանձին դրվագների վերաբերյալ:
Սպառելով օրակարգը, Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովն ավարտեց 2010թ. հունիսի 25-ի թիվ 3 նիստի աշխատանքները:


Նիստի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան

Նիստի քարտուղար Աստղիկ Կարապետյան

← Վերադառնալ ցուցակին