ՀՀ-ում կոոպերացիայի զարգացմանը նվիրված գիտաժողովի արդյունքները

26.05.2010

ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ ՙՀայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում Կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին՚
ՀՀ Հանրային խորհրդի կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Գիտաժողովում զեկուցումների և դրանց շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ներկայացվում են հետևյալ հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղղությունները:

I. ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ գյուղատնտեսությունը, ոչ միայն ագրոպարենային համակարգի, այլև ամբողջ տնտեսության առավել բարդ և աշխատատար ճյուղն է, որտեղ ներգրավված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների շուրջ 45%-ը:
Գյուղացիական տնտեսությունները տնօրինում և օգտագործում են վարելահողերի 75,9%-ը, բազմամյա տնկարկների 74,4%-ը և խոտհարքերի 44,9%-ը, որոնք ներկայումս ապահովում են գյուղատնտեսական մթերքների արտադրության շուրջ 98%-ը :
Հանարապետությունում իրականացված հողի սեփականաշնորհման և գյուղատնտեսական մթերք արտադրող ու վերամշակող կազմակերպությունների մասնավորեցման քաղաքականությունն ապահովեց որոշակի արդյունքներ, սակայն աստիճանաբար ի հայտ եկան նաև զարգացմանն արգելակող խորքային խոչընդոտներ: Բավական է նշել, որ շուրջ 400 հազար փոքր չափեր ունեցող տնտեսություններ, ունենալով հողօգտագործման, ջրօգտագործման, տեխնիկական ապահովման, արտադրանքի իրացման, մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվության ապահովվածության հետ կապված բազմաբնույթ խնդիրներ, չունեն համագործակցության հստակ և կայուն մեխանիզմներ, իսկ գյուղմթերքի արտադրությունը լեռնային և սահմանամերձ բնակավայրերում նույնիսկ չի փոխհատուցում կատարված ծախսերը:
Գյուղատնտեսական ոլորտում ստեղծված իրավիճակն այն դարձնում է անարդյունավետ. չափազանց ցածր է ապրանքային արտադրության մակարդակը, ծայրաստիճան դանդաղ են ներդրվում նոր տեխնոլոգիաներն ու ժամանակակից տեխնիկական միջոցները, չի ստեղծվել վարկավորման և ապահովագրության մատչելի համակարգ, մշակված չեն սպասարկման, մատակ¬արարման, արտադրանքի իրացման հստակ մեխանիզմներ: Չնայած հողի շուկայի գոյությանը, տնտեսությունների խոշորացման միտում չի նկատվում, գյուղացիական տնտեսությունների թիվը գրեթե անփոփոխ է: Արտասահմանյան բազմաթիվ փորձագետներ, մասնակցելով հանրապետության գյուղատնտեսությունում մշակված և իրականացված բարեփոխումներին, հանդիսանալով տարաբնույթ կոոպերատիվների ստեղծման խորհրդատուներ, ծանոթանալով այդ գործընթացներին և արդյունքներին, անվերապահորեն նշում են, որ Հայաստանում իրականացված սեփականաշնորհման արդյունքում գյուղատնտեսության մեջ դեռևս երկար ժամանակ կգերակշռեն փոքր չափեր ունեցող տնտեսությունները:
Հետևաբար, ռազմավարական համարվող ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի տարբեր ձևերի, միավորումների, ասոցիացիաների, ընկերությունների և ընկերակցությունների ստեղծումն ու զարգացումը անհրաժեշտություն է, որը պետք է հռչակել ագրարային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:

II. ԿՈՈՊԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ գյուղատնտեսության արդյունավետության ապահովման, ինչպես նաև կոոպերատիվների ստեղծման ու կայացման հիմնախնդիրներն են`
1. Գյուղատնտեսությունում արտադրության խոշորացման, տարաբնույթ կոոպերատիվների գոր¬ծունեու¬թյան համար նպաստավոր պայմանների և խթանման միջոցառումների բացակայությունը:
2. Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, մրցակցային, մատ¬¬չելի ծառայությունների ձևավորման ու զարգացման ոլորտում պե¬տական և մասնավոր հատվածների ոչ լիարժեք համագործակցությունը:
3. Ագրոպարենային համակարգում արդիական տեխնոլոգիաների, արտադրության կազմակերպման արդյունավետ ձևերի ներդրմանն ուղղված խորհրդատվական և տեղեկատվական համակարգի ներկայիս մակարդակը:
4. Գյուղատնտեսությունում ապահովագրական գործուն համակարգի ձևավորմանն ուղղված նախադրյալների բացակայությունը, այդ ոլորտի բարձր ռիսկայնությունը:
5. Գյուղատնտեսությունում նպատակային պետական աջակցության որոշ մեխանիզմների անկատարությունն ու կիրառման սահմանափակ հնարավորությունները:
6. Գյուղատնտեսական մթերքի իրացման հարցերով զբաղվող համապատասխան ենթակառուցվածքների առկա վիճակը:
7. Հողային, ջրային, աշխատանքային ռեսուրս¬ների օգտագործման ցածր արդյունավետությունը:
Նշված հիմնախնդիրները կարող են լուծում ստանալ իրավաօրենսդրա¬կան հիմքի ձևավորման և կատարելագործման, կոոպերատիվ սկզբունքով գործող կառույցների խթանման, տնտեսական լծակների կիրառման և պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման միջոցով:

III. ԿՈՈՊԵՐԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շուկայական հարաբերությունների պայմաններում, կոոպերացիան նպաստում է ինչպես բուսաբուծական ու անասնապահական մթերքների արտադրության, դրանց պահպանման, վերամշակման, իրացման, այնպես էլ ագրարային ոլորտի բազմաբնույթ սպասարկումների, մատակարարումների, նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս կոոպերատիվ գործունեության ձևը համարվում է շատ երկրների տնտեսության կազմակերպական կարևորագույն օղակներից մեկը:
Եվրոպական պետությունների մեծ մասում կոոպերատիվներում միավորված են ֆերմերային տնտեսությունների 80-85%-ը, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում` 60-80%-ը: Ճապոնիայում կոոպերատիվներում միավորված են բոլոր ֆերմերները, այստեղ կոոպերատիվների միություններն իրականացնում են սեփականատեր գյուղացիների (ֆերմերների) իրավունքների պաշտպանության գործառույթները: Միաժամանակ պետությունն իր հերթին կոոպերատիվների միությունների վրա է դնում գյուղատնտեսության բնագավառի կարգավորման որոշակի գործառույթների իրականացումը (հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի գների սահմանման, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման նպատակների, վարկերի տրամադրման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի որակի վերահսկման բնագավառներում):
Հատկանշական է, որ այս երկրներում կոոպերատիվների ստեղծման և արդյունավետ գործունեության հարցում շահագրգռված են և դրանց կայունության երաշխավորն են իշխանությունները:
Համագործակցության հիմքը տնտեսությունների կամավոր միավորման սկզբունքն է, որը հետապնդում է ռեսուրսային ներուժի ռացիանալ օգտագործման, գյուղի
սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության եկամուտների ավելացման և աղքատության կրճատման նպատակներ:
Ֆրիդրիխ Ռայֆայզենը, Ֆրանց Գերման Շուլցե Դելիչին, Վահրամ Թոթոմյանցը,
Ա. Չայանովը մշակել են կոոպերացման հիմնադրույթները, որոնք օգտագործվել են մինչ օրս կոոպերատիվների տարբեր ձևերի ստեղծման ժամանակ և կիրառելի են նաև մեր հանրապետության պայմաններում:

IV. ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓՈՐՁԸ
Վերջին տասը տարիների ընթացքում, Հայաստանում ստեղծվել են կաթի հավաքման և իրացման կոոպերատիվներ, որոնք գործում են Արարատի (14), Արմավիրի (16), Գեղարքունիքի (8), Սյունիքի (3), Վայոց ձորի (20), Տավուշի (5), Լոռու (8), Կոտայքի (6), Շիրակի (1) և Արագածոտնի մարզերում (7):
Լավագույն արդյունքներ ունեն Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի (ԳԱՖ) գյուղատնտեսական 21 կոոպերատիվները, որոնք ստեղծվել են կամավոր հիմունքներով` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, և այժմ իրականացնում են արդյունավետ գործունեություն:
Կոոպերատիվների ստեղծման տեմպերը բավարար չեն, քանի որ առկա են արտադրական, տնտեսական և իրավական չլուծված խնդիրներ:

V. ԿՈՈՊԵՐԱՑՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Գիտաժողովում արձանագրվեց, որ գյուղատնտեսական կոոպերացման գործում առկա են լուրջ խոչընդոտներ`
- Գյուղացիական տնտեսությունների անբավարար տեղեկացվածությունը, ոչ լիարժեք տեղեկատվական-խորհրդատվական համակարգը և դրա մատչելիության ցածր մակարդակը:
- Կոոպերացման, կոոպերատիվների կազմակերպման սկզբունքների վերաբերյալ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների տեղեկացվածության ցածր մակարդակը:
- Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների աշխատանքային կարողությունների և հմտությունների մակարդակների տարբերությունը:
- Կոոպերացման հիմնադրույթների և առաջավոր փորձի վերաբերյալ ուղեցույցների բացակայությունը:
- Գյուղական բնակավայրերում նախաձեռնողների, փորձառու ուսուցանողների բացակայությունը:
- Փորձացուցադրական, օրինակելի կոոպերատիվների բացակայությունը:
- Գյուղացիական տնտեսությունների գերակշռող մասի ֆինանսական և նյութական անապահով վիճակը:
- Գյուղատնտեսության կոոպերացման ռիսկայնությունն ու պետական երաշխիքների բացակայությունը:
Առկա խոչընդոտների հաղթահարման ուղիներն են`
- Գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական գործունեություն ծավալող այլ սուբյեկտների համագործակցության, միավորման և համատեղ տնտեսավարման լիարժեք նախադրյալների ու պայմանների ստեղծումը:
- Գյուղատնտեսական մթերքի արտադրության, պահպանման և իրացման պատվերների (քվոտավորման) համակարգի ձևավորումը:
- Գյուղական համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, գյուղական բնակչության համար նոր աշխատատեղերի ստեղծումը ու գյուղական վայրերում աղքատության նվազեցման ծրագրերի իրականացումը:
- ՙԳյուղատնտեսական կոոպերատիվների մասին՚ օրենքի ընդունմանը զուգընթաց ագրարային օրենսդրության ամբողջականացումը:
- Վարկավորման և ֆինանսավորման երաշխիքների կիրառումը, ՙՎարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրեր՚-ի մշակումն ու իրականացումը:
- Վերամշակող ընկերությունների և կոոպերատիվների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատումը:
- Կոոպերատիվների ստեղծման և զարգացման նպատակով ագրոգիտակրթական և խորհրդատվական-տեղեկատվական ծրագրերի իրականացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գիտաժողովում ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման տեմպերը, առկա ռեսուրսային ներուժի օգտագործման վիճակը բավարար չէ, գյուղի և գյուղատնտեսական գործունեության համար առկա են լուրջ խոչընդոտներ, տարվող քաղաքականության հետևանքով իրականացված ծրագրերը չեն հանգեցրել տնտեսության և մեր երկրի համար ռազմավարական ճյուղերից մեկի` գյուղատնտեսության և գյուղի կայունությանը: Առաջարկվեց արմատական բեկում մտցնել տարվող ագրարային քաղաքականությունում, գյուղատնտեսությունը համարել տնտեսության գերակա ոլորտ, իսկ կոոպերացիան` հիմնական կուրս:
Ագրարային ոլորտում անհրաժեշտ է իրականացնել մասնագիտական բազմակողմանի հիմնավորումներով համալիր ծրագրեր` իրավական դաշտի բարելավման, գործող արտադրատնտեսական հարաբերությունների կատարելագործման, գյուղաբնակների մոտ վստահության վերականգնման, երաշխիքների ապահովման, տնտեսավարողների և կոոպերացման խնդիրներով զբաղվող պետական ծառայողների տեսական պատրաստվածության, տեղեկատվության մատուցման առաջադիմական ձևերի ներդրման, պետական աջակցության մեխանիզմների մշակման բնագավառներում:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գյուղատնտեսության նախարարությանը`
- Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` ըստ ժամանակացույցի մշակել հայեցակարգեր և Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել ՙԳյուղատնտեսության կոոպերացմանն ու կոոպերատիվներին պետական աջակցության մասին՚, ՙԳյուղատնտեսության և գյուղի զարգացման մասին՚, ՙԳյուղացիական տնտեսությունների մասին՚, ՙԳյուղատնտեսության սուբսիդավորման մասին՚, ՙԳյուղատնտեսության գիտական ապահովման և տեղեկատվական-խորհրդատվական համակարգի զարգացման մասին՚, ՙԳյուղատնտեսական արտադրանքի իրացման մասին՚ և այլ օրենքներ:
- Աջակցել յուրաքանչյուր տարածաշրջանում երկու օրինակելի կոոպերատիվների ստեղծմանը` դրանք դարձնելով գործնական փորձի տարածման և ուսուցման կենտրոններ,
- Ուժեղացնել կապերը ՀՊԱՀ-ի հետ, իրավական հիմք ստեղծել` ագրարային ոլորտին վերաբերող քաղաքականության համատեղ մշակման համար: ՀՊԱՀ-ն դարձնել կազմված ծրագրերի գնահատման փորձագիտական բազա:
- Հեռուստահաղորդումների, մամուլի, փորձի փոխանակման միջոցով կոոպերացիայի գաղափարները դարձնել մատչելի բոլոր շահագրգիռ կողմերի համար:
- Արտասահմանյան երկրների փորձն ուսումնասիրելու և ՀՀ ագրարային ոլորտում կիրառելու նպատակով կազմակերպել մասնագետների գործուղումներ մարզեր:
2. ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովին`
- Կոոպերացիայի զարգացման քաղաքականությունն ու հանրային հնչեղություն ունեցող գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրների և ծրագրերի քննարկումները ոլորտի կազմակերպակառավարման բոլոր մակարդակներում դարձնել թափանցիկ և շարունակական:
3. Հայաստանի պետական ագրարային համալսարանին`
- Տնտեսագիտական մասնագիտությունների ուսումնական պլաններում նախատեսել ՙԳյուղատնտեսական կոոպերատիվներ՚ առարկայի դասավանդում:
- Մշակել ուսումնական ծրագրեր և բոլոր մարզերում կազմակերպել ուսուցողական դասընթացներ:
- Անցկացնել կոոպերացման բնագավառի կազմակերպիչների պատրաստման և վերապատրաստման դասընթացներ:
- Մշակել և հրատարակել գյուղատնտեսական կոոպերացիային վերաբերող ուսումնա-մեթոդական, ձեռնարկներ և ուղեցույցներ:
- Կոոպերացման կազմակերպման փորձը, խորհրդատվության մատուցման ձևերն ու մեթոդներն ուսումնասիրելու նպատակով` կոոպերացիայի հիմնադրույթները դասավանդող դասախոսներին գործուղել արտասահմանյան երկրների գիտակրթախորհրդատվական հաստատություններ:

← Վերադառնալ ցուցակին