ԿԱՐԾԻՔ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի վերաբերյալ

26.04.2010

Հոդված 1. ա)ենթակետը վերաշարադրել հետևյալ մասնակի խմբագրմամբ. «ՀՀ-ում գրանցված և գործող ուսումնական հաստատություններում, կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության, ուսուցման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է»:
բ) կետի 3-րդ մասում ավելացված հետևյալ նախադասությունը` «ՀՀ տարածքում օտարալեզու հանրակրթական, ուսումնական հաստատություն կարող է հիմնվել ՀՀ կառավարության կողմից սահմաված կարգով», առարկելի է հետևյալ հիմնավորումներով`
1. Այս հարցը պետք է քննարկվի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում` հաշվի առնելով լեզվի ռազմավարական կարևոր նշանակությունը:
2. Այն հակասում է ՀՀ Սահմանադրությն 12-րդ հոդվածին, որտեղ ամրագրված է` ՀՀ պետական լեզուն հայերենն է:
3. Այլալեզու ուսումնական կրթական հաստատությունները միատարր ազգաբնակչություն ունեցող մեր երկրում կարող են`
ա) խաթարել ազգային նկարագրի ամբողջականությունը,
բ) կասեցնել հայերենի զարգացումը նրա գործառական ոլորտներում,
գ) բացասաբար անդրադառնալ արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման գործընթացների վրա,
դ) խոչընդոտել արևելահայերենի կանոնարկմա աշխատանքներին:
Կարևորելով օտար լեզուների գործնական-կիրառական նշանակություը հանրային կյանքի բոլոր ոլորտներում` առաջարկում ենք`
1) Մշակել ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագիր (2011-2015թթ.), ինչը նաև հնարավորություն կընձեռի ՀՀ-ում օտար լեզուների ուսուցման կարգավիճակի բարելավմանը:
2) Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում լրացուցիչ դասաժամեր հատկացնել օտար լեզուների տեսական և գործնական ուսուցմանը:
3) Մշակել «Լեզվական վերահսկողության մասին» օրենք, որտեղ առաջնահերթությունը վերապահվելու է հայերենին, որպես պետական լեզվի:
4) Սահմանել այն (օտար) լեզուների ցանկը, որոնք լայն պահանջարկ ունեն ՀՀ-ում և ՀՀ ուսումնական հաստատություններին կից բացել օտար լեզուների ուսուցման վճարովի դասընթացներ:
Փաթեթում առաջարկվող գ)կետի 4-րդ մասը վերաշարադրել հետևյալ խմբագրմամբ. «ՀՀ նախնական (արհեստագործական), միջին բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: (Շարունակությունը թողնել անփոփոխ):

← Վերադառնալ ցուցակին