Հանրային խորհուրդը, առաջնորդվելով իր կանոնադրությամբ, ձեւավորել է 12 հանձնաժողովներ, որոնք ընտրել են նախագահներ, իսկ վերջիններս ներկայացվել են ՀՀ նախագահի հաստատմանը և դարձել Հանրային խորհրդի անդամներ:

Հանձնաժողովներում ներկայացուցիչներ կարող են առաջադրել` համապատասխան ոլորտների կազմակերպությունները, միավորումները, հայրենակցական եւ ստեղծագործական միությունները, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, վետերանների միությունները, գիտակրթական միությունները, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների ու արդյունաբերողների միությունները, կրոնական կազմակերպությունները, սփյուռքի կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ այլ կառույցներ:

Վերոհիշյալ կազմակերպությունները կարող են ներկայացուցիչ առաջադրել յուրաքանչյուր հանձնաժողովի համար միայն մեկ թեկնածու, եթե այդ կազմակերպության գործունեության ոլորտը կամ ծրագրերը համապատասխանում են տվյալ հանձնաժողովի ուղղվածությանը: