Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի մասնաճյուղերի ղեկավարների հանդիպումը Հանրային խորհրդի անդամների հետ

28.07.2011

2011թ. հուլիսի 20-ին Հանրային խորհրդում տեղի ունեցավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի մասնաճյուղերի ղեկավարների հանդիպումը ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, ՀԽ Առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Դերենիկ Դումանյանի և ՀԽ Կրթական համակարգի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի հետ:
Բացման խոսքով հանդես եկան ՔՀԿՀ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և ՀԿԿԱ նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Հ. Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հանրային խորհրդի ձևավորման պատմությունն ու կառուցվածքը, անդրադարձավ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորման առանձնահատկություններին և խնդիրներին: Նա մասնավորապես խոսեց ոչ կառավարական կազմակերպությունների որոլտը կարգավորող իրավական-նորմատիվ դաշտում օրենսդրական նախաձեռնությունների և այդ ասպարեզում ՀԽ կողմից իրականացվող աշխատանքների մասին: Բանախոսն անդրադարձավ նաև ոչ կառավարական կազմակերպությունների ծրագրերի ֆինանսավորման և տեխնիկական աջակցության գործում առկա հիմնահարցերին, հակակոռուպցիոն ծրագրերում, տարբեր ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկման գործում ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությանը:
Հանրակրթության խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար ակադեմիկոս Էդ. Ղազարյանը ներկայացրեց կրթության համակարգի հիմնահարցերի վերաբերյալ ՀԽ փորձագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքները և այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են հանրապետության ղեկավարությանը, մասնավորապես կրթության և գիտության նախարարության գործառույթները երկու լիազոր մարմինների միջև վերաբաշխելու, դպրոցի տնօրենների նշանակման գործում ԿԳՆ-ի մասնակցությունն ավելացնելու, սահմանամերձ գյուղերի ուսուցիչների երեխաների համար բուհերում վարձավճարները զեղչելու, դպրոցական դասագրքերի համար մրցույթները պատշաճ մակարդակով անցկացնելու մասին:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ներկայացրեց հանձնաժողովի կառուցվածքն ու առաքելությունը, իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Բանախոսը մասնավորապես կարևորեց «Մարդկանց օրգանների փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքում անրաժեշտ շտկումներ կարատելու, հղիների նախածննդյան և հետծննդյան շրջանում սոցիական աջակցության բարենպաստ պայմանններ ապահովելու և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ետ կանչելու մասին հանձնաժողովի առաջարկությունները:
Ելույթներում բարձրացված խնդիրների շուրջ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն, հնչեցին ելույթներ: Հանդիպման մասնակիցներն ուշադրություն հրավիրեցին դպրոցական դասագրքերի հաճախ անմխիթար վիճակի, դպրոցական ծրագրերի անհարկի ծանրաբեռնվածության (Անահիտ Ավետիսյան - ՀԿԿԱ Սևանի մասնաճյուղի ղեկավար, ուսուցչուհի, Արմինե Կյուրեղյան – Վանաձորի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, դասախոս), պայուսակների ծանրաբեռնվածությամբ պայամանավորված` կրտսեր դասարանների աշակերտների առողջական խնդիրների, դպրոցներում բժշկի հաստիքի կարևորության վրա (Լիլիթ Ասոյան- Շիրակի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, դասախոս, Ելենա Աղաբաբյան – Էրեբունու և Նուբարաշենի հիգենիկ և հակահամաճարակային պետական տեսչության պետ): Ելույթներում խոսվեց Հայաստանում ձևավորված օլիգարխիկ համակարգի և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացների անհամատեղելիության մասին (Անահիտ Աղոյան- Կոտայքի հիգենիկ և հակահամաճարակային պետական տեսչության պետ, ՀԿԿԱ Նոր Հաճնի մասնաճյուղի ղեկավար), նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացման անհրաժեշտության մասին (Անահիտ Հովհաննիսյան- Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր), Հրազդան քաղաքի մերձակա երկաթի հանքի շահագործման հնարավոր բացասական հետևանքների և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին (Նինա Հակոբյան- ՀԿԿԱ Հրազդանի մասնաճյուղի ղեկավար, ուսուցչուհի, Ելենա Վարդանյան – ՀԽ ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ջեմմա Հասրաթյան – ՀԿԿԱ նախագահ):
Հանդիպաման մասնակիցների հարցադրումներում և ելույթներում բարձրացված խնդիրներին անդրադարձան ՀԽ անդամները: Որոշվեց ճանաչողական շփումներից անցնել գործնական համագործակցության և մասնակցություն բերել Հանրային խորհրդի և նրա հանձնաժողովների կողմից իրականացվող աշխատանքներին ու միջոցառումներին:

Հանրային խորհրդի
քաղաքացիական հասարակության
կայացման հարցերի հանձնաժողովի
նախագահ Հ. Հովհաննիսյան

ՀԽ փորձագետ Ն. Աբաջյան

← Վերադառնալ ցուցակին