Հայ բժշկության պատմության թանգարան հիմնադրելու համար տարածքի հատկացման վերաբերյալ ՈՐՈՇՈՒՄ

24.10.2014

Ո Ր Ո Շ Ու Մ

ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի 2014 թվ. հոկտեմբերի 20-ի նիստի օրակարգի միակ հարցի`
Հայ բժշկության պատմության թանգարան հիմնադրելու համար տարածքի հատկացման վերաբերյալ:

Քննության առնելով օրակարգի հարցը` ենթահանձնաժողովի անդամները հաստատեցին.

- Հայ բժշկության պատմությունն իր ուրույն տեղն ու նշանակությունը ունի համաշխարհային բժշկության պատմության մեջ` որպես հնադարյա հայ ազգի պատմություն, որի ներկայացուցիչները մեծ ներդրում ունեն այդ կարևորագույն բնագավառում: Ուստի, հայ բժիշկների, հայոց հողի վրա բժշկության և առողջապահության խնդիրներին առնչվող անձիք, օգտագործված իրերը, գիտական ուսումնասիրություններն ու հայտնագործությունները, մարդու երկարակեցության գաղտնիքներն ու առողջությունն ամրապնդող զբաղմունքները, դարերի ընթացքում հայ բժշկության նվաճումները մեծ ուշադրության են արժանի ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլև գիտական հասարակության, ուսանողության, պատմաբանների, արտասահմանյան զբոսաշրջիկների, հյուրերի ու պաշտոնական այլ անձանց համար:

- Մխիթար Հերացու ծննդյան 900-ամյակին (2018 թ.) մնացել է ընդամենը երեք տարի, սակայն հայ ազգը չունի իր բազմադարյա, թեկուզ` 900 տարվա բժշկության պատմությունը ներկայացնող ազգային թանգարան, մինչդեռ հավաքածուների շարքը սկսվում է մոտավորապես 5000 տարի գոյություն ունեցող նմուշով:
Իսկ Հայ բժշկության պատմությունն ավելի վաղ ժամանակներից է հայտնի ու պահանջում է ճանաչողականություն:

- Հայ բժշկության պատմության թանգարանի հիմնադրումը կնպաստի ինչպես բժշկության, այնպես էլ տուրիզմի զարգացմանը, բժշկագիտության և հայ բժշկության պատմության իմացության առաջընթացին:

- Անժխտելի փաստ է Հարություն Մինասյանի նվիրվածությամբ ու հոգածությամբ ցուցանմուշների և հավաքածուների հայթայթումն ու ձեռքբերումը, որի շնորհիվ արդեն գոյություն ունի թանգարանային 30 000 ցուցանմուշ, որոնք էլ, բացի այն, որ տարբեր տեղերում ցուցադրվելու դեպքում վնասվում են և մշտական պահվելու տարածք չունեն, նաև մնում են անիմանալի ու անհայտ հասարակության, ազգերի պատմության ու գիտության համար:

Ելնելով վերը նշված փաստերից, ողջունելովֆ Հայաստանի և հայ ազգի համար անհրաժեշտություն ներկայացնող Հայ բժշկության պատմության թանգարան հիմնելու գաղափարն ու ձեռնարկումը` Պատմական-ազգային արժեքների պահպանության, պատկանելության օգտագործման խնդիրների
ենթահանձնաժողովը որոշեց.

Դիմել ՀՀ Վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին` աջակցելու և իր հոգածությամբ ու վերահսկողությամբ լուծելու մայրաքաղաքի համապատասխան տարածքում (թանգարանային միջավայր) Հայ բժշկության թանգարանին տարածք տրամադրելու կարևորագույն և անհրաժեշտ հարցը:

Կառավարությունում սույն հարցի որևէ քննարկության ժամանակ խնդրվում է ապահովել ՀՀ ՀԽ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանի, ՀՀ ՀԽ Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի և թանգարանի հիմնադրման գաղափարի ու հավաքածուների հեղինակ Հարություն Մինասյանի մասնակցությունը:

 

Պատմական-ազգային արժեքների,
հուշարձանների պահպանության, պատկանելության և
օգտագործման խնդիրների
ենթահանձնաժողովի նախագահ
Ժասմեն Ասրյան

20. 10. 2014 թ.
 

← Վերադառնալ ցուցակին