ՀՀ Հանրային խորհրդի 14 /տասնչորսերորդ/ լիագումար նիստի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

14.11.2011

ՀԱՐՑ 1
ՀՀ կառավարության 20.05.2009թ. N416Ա որոշման համաձայն Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (այսուհետ` ԵրՖԻ) վիճակը և զարգացման հեռանկարները վերլուծելու նպատակով ստեղծվել է ֆիզիկայի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներից բաղկացած միջազգային փորձագիտական հանձնաժողով, որը ներկայացրել է իր եզրակացություններն ու առաջարկությունները:
Հանձնաժողովը արձանագրել է, որ ԵրՖԻ-ը ֆիզիկայի բնագավառում եզակի գիտական կենտրոն է Հայաստանում և տարածաշրջանում: Ինստիտուտի գիտնականները մասնակցում են Եվրոպայում և ԱՄՆ-ում խոշոր գիտական նախագծերի մշակմանը: Հանձնաժողովը առաջարկել է շարունակել զարգացնել բարձր էներգիայի ֆիզիկայի ուղղությունները /մասնավորապես` տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ու տեսական ֆիզիկայի/, քանի որ այդ բնագավառների նվաճումները ստացել են միջազգային ճանաչում, խորացնել երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը գիտական ծրագրերի մեջ, ՀՀ կառավարությանը` ավելացնել ինստիտուտի ֆինանսավորումը և այլն:
ԵրՖԻ-ի կառուցվածքի ու կարգավիճակի տեսակետից միջազգային հանձնաժողովը նպատակահարմար է գտել հետևյալը. “… ԵրՖԻ-ի` Հայաստանում և Հայաստանից դուրս բազմապլան գիտական աշխատանքների հետ կապված, ինչպես նաև կիրառական ուղղություններով գործունեությունը զարգացնելու համար, գերադասելի է ինստիտուտին տալ Միջուկային ֆիզիկայի ազգային կենտրոնի կարգավիճակ /ըստ ամերիկյան դասակարգման` Ազգային լաբորատորիա/”, որը պետք է ունենա “…թափանցիկ և միասնական պետական ենթակայություն”:
Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա կառավարությունը 2010թ. հունիսի 17-ին ընդունել է որոշում` ֆինանսավորման ավելացման և այլ հարցերի լուծման հետ մեկտեղ, Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը` Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (այսուհետ` ԱԱԳԼ) վերանվանելու մասին /ընդ որում, շատ մասնագետներ բացասական են վերաբերվել ինստիտուտի անվանումից “ֆիզիկա” բառի բացակայությանը, քանի որ “Երևանի ֆիզիկայի ինստիտուտը” հանդիսանում է միջազգային բրենդ/:
Այնուհետև վերը նշված միջազգային հանձնաժողովը վերակազմավորվել է ավելի փոքրաթիվ, նեղ մասնագիտացված հանձնախմբի, որը շարունակել է ներկայացնել իր վերլուծությունները:
2011թ. սեպտեմբերի 1-ին ընդունվել է կառավարության մեկ այլ 1301 - Ն որոշում` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) հիմնադրամի վերակազմավորելու մասին: Ընդ որում, համաձայն այդ հիմնադրամի կանոնադրության, վերջինիս հոգաբարձուների խորհուրդը փաստորեն ստանձնում է կազմակերպության թե գիտական, թե վարչատնտեսական կառավարման ողջ պատասխանատվությունը:
ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից մասնագետ-գիտնականների և ոլորտը կառավարող լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետագա ճակատագրի հետ կապված քննարկումներ և լսումներ:
Քննարկումների ընթացքում ՀԽ արձանագրել է, որ ԱԱԳԼ-ի կազմակերպաիրավական կարգավիճակի նման փոփոխությունը կարող է բերել մի շարք բարդությունների: Այն է`
• ԱԱԳԼ-ի կոլեկտիվի առաջատար գիտնականները կարող են զրկվել կազմակերպության գիտական քաղաքականության մշակման և համապատասխան որոշումների ընդունման գործընթացին պատասխանատու մասնակցություն ունենալու հնարավորությունից;
• ԱԱԳԼ-ն կարող է հետագայում զրկվել պետական որևէ ֆինանսավորումից, քանի որ ՊՈԱԿ-ի պարագայում ԳԳԳՄ օրենքի 23 հոդվածի 4-րդ մասի համաձայն գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման կարևորագույն ձևն է` բազային ֆինանսավորման հատկացումը պետական գիտական կազմակերպություններին պարտադիր է, իսկ հիմնադրամի դեպքում` ոչ:
ՀԽ գտնում է նաև, որ լսումների և քննարկումների ընթացքում չի հնչել ուրևէ լուրջ փաստարկ, որը հիմնավորեր ԱԱԳԼ-ի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը ՊՈԱԿ-ից հիմնադրամի:
Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց.
1. Դիմել ՀՀ կառավարությանը` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հիմնադրամի վերակազմավորելու գործընթացը ժամակավորապես դադարեցնել և ԱԱԳԼ կազմակերպաիրավական կարգավիճակի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելու ևս մեկ քննարկում` այնպիսի լուծումներ գտնելու համար, որոնք չվտանգելով Հայաստանում տասնամյակների ընթացքում ֆիզիկայի բնագավառում ստեղծված գիտական պոտենցիալը, թույլ կտան ապահովել գիտական գերազանցությունը միջազգային մակարդակով;
2. Դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, մինչև կազմակերպաիրավական հարցերի հստակեցնումը վերականգնել ԱԱԳԼ-ի գիտական խորհուրդը իր լիազորություններով, ինչպես նաև լուծել կուտակված այլ խնդիրները (գիտնականների որակավորման, ֆինանսավորման թափանցիկության, ինստիտուտի գիտական ծրագրի հարցը և այլ հարցեր);
3. Հանձնարարել ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովին անհրաժեշտություն առաջանալու դեպքում, կազմակերպել խնդրի շուրջ լրացուցիչ լսումներ և քննարկումներ:


ՀԱՐՑ 2
ՀՀ Հանրային խորհուրդը քննարկելով ՀԽ-ի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի առաջարկությունները հանրապետությունում 6 մայր ջրանցքների ոռոգման համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրի վերաբերյալ նշում է, որ ծրագրի իրականացումը պայմաններ կստեղծի`
• Տնտեսել գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նպատակով օգտագործվող ջրային պաշարները;
• Բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը;
• Ջրաչափության գործընթացներում ամբողջությամբ վերացնել մարդկային գործոնը և բարձրացնել ջրապահովվածությունը;
• Ջրօգտագործողը մշտապես ստանալով տեղեկատվություն հողի խոնավության վերաբերյալ, հնարավորություն կունենա ճշգրտելու մշակաբույսերի ոռոգման ժամկետները, ապահովելու բերքատվությունը, խնայողաբար ծախսելու ոռոգման ջուրը և ջրի վարձավճարները մուծելու իրական օգտագործված ջրի չափաքանակին համապատասխան:
Հաշվի առնելով ծրագրի արդիականությունն ու տնտեսական արդյունավետությունը, ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց`
Հավանություն տալ ՀԽ-ի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված “ՀՀ ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրին” և ներկայացնել ՀՀ կառավարությանը` “Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի” մեջ ընդգրկելու համար:


ՀԱՐՑ 3
ՀՀ Հանրային խորհուրդը քննարկելով ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված “ՀՀ քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” և “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հանրային խորհուրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի 2011թ հուլիսի 24-ի լսումների արդյունքները որոշեց առաջարկել ՀՀ Կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին.

1. Օրենքի մակարդակով ամրագրել նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշների ձեռքբերման կամավորության և դրանց աստիճանական ներդրման սկզբունքը:
2. Ստեղծել իրավական երաշխիքներ բացառելու համար անձը հաստատող նոր նմուշի փաստաթղթերից հրաժարվող և դրանց փոխարեն հին անձնագրեր կրող քաղաքացիների աշխատանքի իրավունքի սահմանափակման դեպքերը, նրանց աշխատանք տրամադրող գործատուների նկատմամբ վարչական պատժամիջոցների կիրառման պրակտիկան, ինչպես դա արձանագրվում է սոցիալական քարտերի բացակայության դեպքում:
3. “ՀՀ քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” ՀՀ օրենքների նախագծերում հստակ սահմանել էլեկտրոնային պահոցներում ամրագրվելիք կենսաչափական և անձնական տվյալների ամփոփ ցանկը` բացառելով «այլ տվյալներ», «ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված այլ տվյալների էլեկտրոնային տեղեկատվություն և այլ հավաստագրեր»` տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող արտահայտությունները և այդ ցանկի փոփոխությունների իրավունքը վերապահել միայն օրենսդիր իշխանությանը:
4. Օրենսդրական գործուն երաշխիքներ սահմանել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ անհատական տվյալների բազայի անվտանգության և անձեռնմխելիություն անհրաժեշտ մակարդակի ապահովման համար:
5. Նպաստել անձը հաստատող նոր փաստաթղթերի համակարգերի ներդրման վերաբերյալ հանրային քննարկումների ծավալմանը, իրականացնել քարոզչական-բացատրական ծրագրեր:


ՀԱՐՑ 4
ՀՀ Հանրային խորհուրդը, ի գիտություն ընդունելով ՀԽ-ի Ժողովրդագրական եւ գենդերային հարցերի հանձնաժողովի 16.06.2011թ. նիստում քննարկված 2012 թվականը “Ընտանիքի տարի” հայտարարելու առաջարկությունը և դրա հիմնավորումները, կարևորելով ընտանիքի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը, նրանում նեռառելով ծնելիության խթանման, երիտասարդ ընտանիքների կրթություն ստանալու, բնակարան եւ աշխատանք ձեռք բերելու արտոնությունների տրամադրման, ընտանիքների արտագաղթի կանխման, ընտանեկան արժեքների քարոզչությանը ուղղված լրատվական մարտավարության եւ ռազմավարության իրականացման խնդիրների լուծումը որոշեց`

1. Դիմել ՀՀ կառավարությանը` 2012 թվականը հայտարարել “Ընտանիքի տարի”,
2. Ձեռնամուխ լինել հատուկ համալիր ծրագրի մշակմանը,
3. “Ընտանիքի տարվա” միջոցառումերի ֆինանսավորման հարցը ներառել 2012թ.-ի պետական բյուջեում:


ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյան

8 նոյեմբերի 2011 թվ., ք.Երևան
 

← Վերադառնալ ցուցակին