Հանրային խորհրդի ներկայացուցիչը մասնակցել է Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված համաժողովին

29.03.2013

ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը մարտի 21-22-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված "Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը (Ավիատրանս-2013)" գիտագործնական համաժողովին:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը, որը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել տիկին Մուրադյանը, հետաքրքիր փաստեր է պարունակում. դեռևս XX դարասկզբին հայերն ու ռուսները միասին կանգնած են եղել ավիացիայի ջոկատների ստեղծման ակունքների մոտ: Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1914 թ., Հայաստանի տարածքում Օսմանյան Թուրքիայի դեմ մարտնչող ռուսական բանակի շատ գնդեր համալրվել են ավիացիոն ջոկատներով, ներառյալ` ինքնաթիռներ ու աերոսթատներ: Շատ օդագնացների անուններ ոսկե տառերով են գրվել Ռուսաստանի ավիացիայի պատմության մեջ:

"Այսօր նույնպես շատ հայեր են աշխատում Ռուսաստանի օդագնացության ոլորտում, բազմաթիվ ռուսներ իրենց ավանդն ունեն Հայաստանում տվյալ ոլորտի կայացման գործում: Դժվար է ժամանակակից աշխարհը պատկերացնել առանց ավիացիայի, սակայն է՛լ ավելի բարդ է պատկերացնել ապագայի ավիացիան: Դուք մասնագետներ եք, որոնք ուրվագծում են այդ ապագան ու կարող են այն նոր իրականության վերածել",- նշված է Մանուկյանի ուղերձում:

ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը, որի ողջույնի խոսքը նույնպես փոխանցվել է համաժողովի մասնակիցներին, նշել է, որ ենթահանձնաժողովի շատ անդամներ և քաղաքացիական ավիացիայի մասնագետներ, որոնք աշխատում են Հայաստանում, կրթություն են ստացել այն բուհում, որտեղ անց է կացվում համաժողովը: Դա Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի պետական տեխնոլոգիական համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղն է (ԽՍՀՄ-ի տարիներին` Կիևյան մասնաճյուղ):

Ենթահանձնաժողովի առաջարկով այս պահին բանակցություններ են ընթանում Հայաստանում այդ համալսարանի մասնաճյուղը բացելու ուղղությամբ:

Առաջարկվել է նաև քաղավիացիայի ոլորտի զարգացման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծել միացյալ կոմիտե:

Բացի այդ, հաշվի առնելով ՌԴ և ՀՀ, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներում ավիափոխադրումների շուկայի անհամաչափ ու քաոսային զարգացումը, առաջարկվել է նույն կոմիտեի շրջանակներում շուկայի երկկողմ կամ բազմակողմ կարգավորում՝ համապատասխան մեթոդիկայի և պրոֆիլային մասնագետների ներգրավմամբ:

Նկատի ունենալով նաև ինտեգրացիոն գաղափարներն ու գործընթացները, ելնելով ցամաքային ընդհանուր սահմանների հնարավոր բացակայության տարբերակից՝ ԱՊՀ երկրների կառավարություններին առաջարկվել է ավիացիայի միջոցով հաղորդակցությունները դյուրինացնելու նպատակով ԱՊՀ երկրների ավիափոխադրողների նկատմամբ կիրառել այն տարիֆները, որոնք նախատեսված են ներքին ավիաընկերությունների համար:

Համաժողովում առաջարկվել է նաև համատեղ քննարկել փոքր ավիացիայի ոլորտում համագործակցելու հարցը:

Նշենք, որ ենթահանձնաժողովը քաղավիացիայի խնդիրների վերաբերյալ մի շարք քննարկումներ է իրականացրել՝ բարձրացնելով նաև ՀՀ կառավարությանը կից հատուկ կոմիտեի ստեղծման հարցը, որում ներգրավված կլինեն "Զվարթնոց" օդանավակայանի, "Արմավիայի", ՀՀ Քաղավիացիայի վարչության, Հանրային խորհրդի և "ՀՀ օդագնացների ազգային ավիացիոն միավորում" կազմակերպության ներկայացուցիչներ, և որը կզբաղվի Հայաստանի քաղավիացիայի զարգացմամբ:

Քննարկումների արդյունքում որոշակի առաջարկներ են ներկայացվել ՀՀ կառավարությանը: 

← Վերադառնալ ցուցակին