Հանրային խորհրդում աշխատանքային խումբ կձևավորի և փաստաթուղթ կընդունվի ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելու դեմ

28.03.2013

Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում՝ ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու և այդ կոնտեքստում ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցության հարցերի վերաբերյալ:

Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, համապատասխան հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՄԱԿ-ի հետ աշխատող հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ, թուրքագետներ:

«Հասկանալի է Թուրքիայի նպատակը,-քննարկման մեկնարկին հայտարարեց Վազգեն Մանուկյանը,-այդ գրասենյակներում աշխատելու են զգալի թվով թուրքեր, Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծանալու է, սակայն այդ ամենը ոչ միայն մեր շահերին է հակասում, այլև ՄԱԿ-ի ընդհանուր գաղափարախոսությանն և փիլիսոփայությանը. մի երկրում, որտեղ մարդու իրավունքները բարվոք վիճակում չեն և որը խնդիրներ ունի իր հարևանների հետ, նման կառույցների կենտրոնացումն այնտեղ ճիշտ չէ»:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը համակարծիք եղավ, որ նման կարևոր գրասենյակների Թուրքիա տեղափոխումը հակասում է ՄԱԿ-ի գաղափարախոսությանը. «Թուրքիան մի երկիր է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կեղծում է պատմությունը, իսկ դա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ: Այսօր էլ Հայաստանի նկատմամբ վարում է մի քաղաքականություն, որը ժամանակակից միջազգային հարաբերությունների տեսանկյունից նախապատերազմյան քաղաքականություն է: Թուրքիան մի երկիր է, որը խնդիրներ ունի և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ խոսքի ազատության իրավունքի հետ, տարածաշրջանում վարում է արկածախնդրային քաղաքականություն՝ խնդիրներ ստեղծելով հարևանների հետ, հնարավորության դեպքում խախտում է միջազգային օրենքները»,-թվարկեց արևելագետը:

Նրա համոզմամբ սա մեծ անարդարություն է, որի դեմ պետք է Հայաստանը պայքարի և իր ձայնը հասցնի այն մարմիններին, որոնք պետք է վերջնական որոշում ընդունեն:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը, որն այս հիմնախնդրի առաջին բարձրաձայնողներից է, տեղեկացրեց, որ գործընթացը բացահայտորեն սկսվել է 2011 թվականից, երբ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եվրոպական տարածաշրջանային կառույցը տեղափոխվել է Ստամբուլ, և Ստամբուլի քաղաքապետը բացման ժամանակ հայտարարել է, որ դա դեռ սկիզբն է, և մյուս գրասենյակները նույնպես տեղափոխվելու են:

Նրա խոսքով՝ այս գործընթացը լուրջ վտանգ է Հայաստանի համար, քանի որ մենք ստիպված ենք լինելու ՄԱԿ-ի կենտրոնական կառույցների հետ շփվել Ստամբուլի միջոցով, և մեր բոլոր ծրագրերը համաձայնեցվելու են այնտեղ: «Մենք մտավախություն չունենք, որ մեզ այլևս գումարներ չեն տրամադրի, ընդհակառակը՝ գումարներն ավելի շատ կգան, բայց ապազգային ծրագրեր իրականացնելու նպատակով»,-նկատեց նա:

Դժգոհության առաջին նամակն այս ամենի վերաբերյալ ՄԱԿ-ի հետ համագործակցող հայաստանյան հասարակական կազմակերպությունները հունվար ամսին հղել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի զարգացման գործակալության (UNDP) ղեկավարությանը: Պան գի Մունի կողմից Հայաստան է եկել բանագնաց, որը հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Բանագնացը չի ժխտել ՄԱԿ-ի կառույցները Ստամբուլ տեղափոխելու Թուրքիայի մտադրությունը: Այնուամենայնիվ, նա խոստացել է հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների մտահոգություններն ու տեսակետները հայտնել ՄԱԿ-ի ղեկավարությանը:

Ի դեպ, ՄԱԿ-ի հետ համագործակցող հայաստանյան ՀԿ-ները միավորվել են և ստեղծել կոալիցիա՝ ի աջակցություն ՄԱԿ-ի կանոնադրության, որին հակասում են Թուրքիայի գործողությունները:

Կարինե Դանիելյանն արձանագրեց, որ թուրքերն ու ադրբեջանցիները թե՛ եվրոպական, թե՛ ՄԱԿ-ի կառույցներում ունեն բազմաթիվ աշխատակիցներ, որոնք ամեն կերպ աշխատում են իրենց երկրների շահերն առաջ տանելու ուղղությամբ: «Ցավոք, նույնը չի կարելի ասել մեր մասին,-ասաց նա,-մենք պետք է ստեղծենք Հայաստանում և Սփյուռքում գտնվող մասնագետների տվյալների բազա, որոնք ի վիճակի են աշխատել միջազգային կառույցներում, հետևենք թափուր աշխատատեղերի մրցույթներին և նրանց ներգրավենք այդ կառույցներում»:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը մտավախություն հայտնեց, որ Թուրքիան ամեն ինչ կանի Ստամբուը ՄԱԿ-ի քաղաք դարձնելու իր քողարկված ծրագիրն իրականություն դարձնելու համար. «ՄԱԿ-ի կողմից արդարացումն այն է, որ Թուրքիան ստանձնում է ֆինանսական մեծ պարտավորություններ: Համոզված եմ, որ Թուրքիան նախապայմաններ կդնի նաև կառույցների ղեկավար կազմը թուրքերով համալրելու վերաբերյալ»:

Թուրքագետը գտնում է, որ հայկական կողմը չպետք է հանդես գա միայնակ, ամեն գնով խնդիրը պետք է միջազգայնացնի՝ օգտագործելով նաև Թուրքիայի դեմ տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ խնդիրը բարձրացնելու և որոշակի արդյունքի հասնելու համար պետք է օգտագործել միջազգային բոլոր խորհրդարանական հարթակները: «Սա կարող է դառնալ մեր խորհրդարանական դիվանագիտության օրակարգային հերթական հարցը»,-ասաց նա՝ առաջարկելով, որ այսուհետ խորհրդարանական յուրաքանչյուր պատվիրակություն, որը պետք է դրսում հանդես գա այս հարցերի վերաբերյալ, Հանրային խորհրդում նախապես իրավիճակը քննարկի՝ հաշվի առնելով տվյալ պահի իրադրությունը:

Փոխնախարարն էլ տեղեկացրեց, որ Հայաստանի Արտգործնախարարությունն իր հստակ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարությանը. «Մենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել և ձեռնարկում ենք, որպեսզի մեր դիրքորոշումը ոչ միայն հայտնի դառնա, այլև առաջ տարվի»,-ասաց նա:

Քննարկման ավարտին Վազգեն Մանուկյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի, ՄԱԿ-ի հետ աշխատող ՀԿ-ների, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ և ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակները Թուրքիա տեղափոխելու դեմ շարունակել պայքարը՝ այդ ճանապարհին դաշնակիցներ հավաքագրելով:

Նա հավաստիացրեց, որ հարցը կքննարկվի նաև այն երկրների հանրային խորհուրդների հետ, որոնք Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության հուշագիր ունեն:

Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ ապրիլի 10-12-ը Հայաստանում տեղի է ունենուլու ՄԱԿ-ի զարգացման գործակալության տարածաշրջանային կենտրոնների ներկայացուցիչների հանդիպում: Քննարկման մասնակիցները որոշեցին, որ նպատակահարմար կլինի նաև աշխատանքային խմբի կողմից ընդունել փաստաթուղթ և այն հանձնել այդ կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին:
 

← Վերադառնալ ցուցակին